Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարի որոշմամբ՝ արգելվել է երկրի տարածքից դուրս բերել Էդուարդ Մանեի չավարտված նկարը: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Նկարը, որի գինը գերազանցում է 44 միլիոն դոլարը, մինչև 2012 թ. փետրվարը կմնա Բրիտանիայում: Սակայն արգելքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև օգոստոս:
1868 թ. ստեղծված նկարում պատկերված է ջութակահարուհի Ֆաննի Կլաուսը՝ պատշգամբում նստած: Մանեի մահից հետո նկարը գնել է ամերիկացի արվեստագետ Ջոն Սինգեր Սարջենթը, ով ապրում էր Մեծ Բրիտանիայում: Դրանից հետո նկարը չի լքել երկիրը:
Նկարի ներկայիս տիրոջ անունը չի հրապարակվում: Վերջին անգամ Ֆաննի Կլաուսի նկարը հասարակության ուշադրությանն է ներկայացվել 1984 թ.՝ Լոնդոնի Ազգային պատկերասրահում Էդուարդ Մանեի հիշատակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ։











































