Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, այդ երկրի խորհրդարանը որոշում է կայացրել Մեծ Բրիտանիայի հետ բոլոր հարաբերությունները խզելու մասին:
Այս մասին հայտնել է Մեջլիսի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մոհամեդ Քարամի Ռաադը: Նա ասել է, որ հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո խորհրդարանը կողմ է քվերակել այդ օրինագծին:
Իրանա-բրիտանական հարաբերությունները, որոնք երկար տարիներ լարված էին մնում Իրանի միջուկային ծրագրի պատճառով, էլ ավելի են սրվել նոյեմբերի 29-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ պայթյունի հետևանքով մահացել էր միջուկային ֆիզիկայի իրանցի հայտնի մասնագետ Մաջիդ Շահրիյարին:
Իրանի իշխանությունները այս ահաբեկչությունը կազմակերպելու և ահաբեկիչներին օժանդակելու մեջ մեղադրում են Մեծ Բրիտանիային: Որոշ խորհրդարանականներ առաջարկել են իջեցնել հարաբերությունների աստիճանը, սակայն հանձնաժողովը որոշում է կայացրել այդ հարաբերություներն խզել ընդհանրապես:
Դրան նպաստել է նաև այս ամիս ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպանի կատարած այն հայտարարությունը, համաձայն որի՝ Իրանում լրջագույն խնդիրներ կան մարդու իրավունքների հետ: Նա խոսել էր մարդու հիմնարար ազատությունների բացակայության, ինչպես նաև բազմաթիվ իրավապաշտպանների ձերբակալելու մասին:
Դրանից հետո բրիտանական դեսպանատան մոտ տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ: