Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք Ֆրանսիային զգուշացրել են՝ կապված Ֆրանսիայի Սենատի օրակարգում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացող օրինագծի ընդգրկման հետ.
«Թուրքիան ու Ֆրանսիան օժտված են երկկողմանի ու միջազգային արենայում համագործակցության ավելացման պոտենցիալով։ Թուրք-ֆրանսիական հարաբերությունները թևակոխել են կայուն ժամանակաշրջան։
Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիան այնպիսի քայլ չի կատարի, որը վնաս կհասցնի երկկողմանի հարաբերություններին։ Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան «կառուցողական» ներդրում կունենա հայ-թուրքական պատմական հարաբերություններին առնչվող «վեճերը» երկխոսության միջոցով լուծելու համար»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ թուրքական լրատվամիջոցները գրել էին, թե Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, և այն հայտնվել է Ֆրանսիայի Սենատի օրակարգում։ Օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո տուգանքով։