2010թ-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ Սյունիքում արձանագրվել է կենսաբանական արտակարգ իրավիճակի երեք դեպք: Մարզային փրկարարական վարչության տեղեկատվությամբ, հուլիս-օգոստոս ամիսներին Կապան քաղաքում և Խդրանց գյուղում արձանագրվել են խոզերի ժանտախտի երկու դեպք. այս համայնքներում հարկադիր սպանդի է ենթարկվել 81 գլուխ խոզ: Աշնանը` մասնավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Սիսիանի տարածաշրջանի 5 գյուղական համայնքներում` Մուցքում, Շաղաթում, Բալաքում, Դարբասում և Նորավանում, արձանագրվել է հավերի կեղծ ժանտախտ: Տարածված հիվանդության արդյունքում ոչնչացվել է մոտ 7 հազար հավ: Ինչ վերաբերում է արտակարգ պատահարներին, ապա 2010թ-ի հունվարից-նոյեմբեր արձանագրվել է արտակարգ իրավիճակների 257 դեպք (որից 227-ը` տեխնածին), ինչի հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 15 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում արտակարգ դեպքերի թիվն աճել է 179-ով զոհերինը` 4-ով, 28-ով նվազել է վիրավորների թիվը: Արձանագրված տեխնածին արտակարգ իրավիճակների գերակշիռ մասը բաժին է ընկնում անտառային հրդեհներին, ինչը պայմանավորված է եղել չոր և շոգ եղանակային պայմաններով: Այս տարի արձանագրվել է հրդեհի 215 դեպք, նախորդ տարվա 55-ի փոխարեն: