2011թ-ի հունվարի 9-ին Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ Անտառաշատ գյուղում` ավագանու հերթական ընտրություններ: Գործող «ՀՀ ընտրական օրենսգրքի» համաձայն` դեկտեմբերի 15-ի երեկոյան ավարտվեց թեկնածուների առաջադրումը; Ըստ Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանի` Ձորաստանի համայնքի ղեկավարի համար առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ վերջինս գյուղապետ է ընտրվել որպես ՀՅԴ անդամ, բայց մեկ տարի աշխատելուց հետո թողել է կուսակցությունը: Անտառաշատ համայնքի ավագանու համար առաջադրվել է հինգ թեկնածու: Նրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ է, մյուս չորսն անկուսակցական են: Առաջադրված ավագանու թեկնածուներից մեկը կին է: Անտառաշատի համայնքի ղեկավար Արսեն Դավթյանը նույնպես ԲՀԿ անդամ է: Այսպիսով, 2011թ-ի առաջին ՏԻմ ընտրությունները թերևս անհետաքրքիր կլինեն, քանի որ մրցակցություն չկա: