«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկու ցմահ դատապարտյալներ՝ Արթուր Մկրտչյանն ու Գարեգին Սարգսյանը (մեկը՝ դեկտեմբերի 6-ից, մյուսը՝ դեկտեմբերի 7-ից) հացադուլ են հայտարարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ միաժամանակ հերքելով տեղեկությունները, որ դատապարտյալներից մեկն ի նշան բողոքի՝ կարել է իր բերանը:
«Նրանք բողոքում են այս գարնանը Քրեական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխությունները իրենց վրա չտարածելու պատճառով»,- տեղեկացրեց քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը:
Գոռ Ղլեչյանը նաև նշեց, որ դատապարտյալները հացադուլ հայտարարելու պահից տեղափոխվել են առանձին պատժախուց և բժիշկների հսկողության տակ են:








































