Երեւանում այսօր աշխատանքներն ավարտեց Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ֆորումի ավարտին հանդիպել է լրագրողների հետ։ Պատասխանելով Հայաստանի բանտերում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին՝ Յագլանդը պատասխանել է, որ Եվրոպայում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն։ Նա բացասական է գնահատել այդ մարդկանց բանտերում պահելու փաստը. «Մեր մարդու իրավունքների հանձնակատարն ուժեղ մանդատ ունի եւ մշտապես հետեւում է այդ գործընթացներին: Մենք ուշադիր հետեւում ենք 2008-ից հետո Հայաստանում ընթացող գործընթացներին»,- նշեց նա։ Ըստ ԵԽ գլխավոր քարտուղարի՝ իրենք այդ հարցը պարբերաբար բարձրացնում են Հայաստանի իշխանությունների հետ հանդիպմանը. «Չեք կարող մարդկանց բանտերում պահել քաղաքական հայացքների համար, դա Եվրոպայի կոնվենցիային դեմ է»,- ընդգծել է նա։ Միաժամանակ, բանախոսը նշել է, որ ԵԽ–ն չի կարող անմիջականորեն միջամտել այս հարցին։ «Չենք կարող ուղղակիորեն միջամտել ձեր ներքին խնդիրներին։ Դա պետք է լուծվի ձեր ներքին ինստիտուտների շրջանակներում։ Եթե ԵԽ-ն ազգային ներքին հարցերն իր վրա վերցնի, բարդ իրավիճակում կհայտնվենք»,- ասել է Յագլանդը։