«Սարդարապատ» շարժումը նախաձեռնում է այլընտրանքային խորհրդարանի կազմավորումը, որը բաղկացած կլինի ժողովրդի ներկայացուցիչներից: Սա լինելու է մեր երազած Հայաստանի սաղմը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Առաջիկա օրերին նախաձեռնող խումբը այս մասին կհայտարարի, իսկ քաղաքացիներին կոչ են անում մասնակցել միայն այլընտրանքային ընտրություններին:
«Բոլոր նրանք, ովքեր մերժում են այսօրվա համակարգը, պետք է իրենց մեջ դրա դեմ դուրս գալու ուժ գտնեն»,- ասաց նախաձեռնող խմբի անդամը` քաղաքական առողջ ուժերին կոչ անելով չմասնակցել նմանատիպ ընտրություններին:
«Մեր երկիրն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որին նպաստում են հատկապես երկու գործոններ` ծնելիության ցածր մակարդակը և արտագաղթը:
Այսօր Հայաստանում վերանում են գյուղերը, մարդիկ քիչ երեխա են ունենում, քանի որ չեն կարողանում պահել նրանց, իսկ 2008-2010 թվականներին 78 հազար ՀՀ քաղաքացի է լքել երկիրը:
20 տարի է, ինչ Հայաստանում խաղի օրենքները ճշտվում են մարդկանց և նրանց խմբերի կողմից, ընտրակեղծիքների արդյունքում իշխանությունը ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Մեր երկիրը դառնում է անապատ երկու տեսանկյունից. նախ` արտագաղթն է մեծ, և հետո վնասում ենք բնությունը` երկիրը դարձնելով անապատ»:
Ալեք Ենիգոմշյանը լրատվամիջոցներին, ժողովրդին և քաղաքական ուժերին ճիշտ ճամփա ընտրելու և ազատ ու արդար երկիր կառուցելու կոչ արեց: