ՀՅԴ-ի՝ «Քվեն ուժ է» ծրագիրը կոչ է ինչպես շարքային ընտրողներին, այնպես էլ քաղաքական կուսակցություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը՝ միաժամանակ հավելելով, որ ինքը հատուկ որևէ ուժի նկատի չունի:
«Խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ցուցակը դրեք ու նայեք՝ առաջինից մինչև վերջինը, կոչը, անշուշտ, վերաբերում է նրանցից յուրաքանչյուրին, դրա համար էլ անվանական ոչ ոքի չենք նշում: Ընդ որում՝ քաղաքական որևէ ուժի ծրագրին աջակցելու պաշտոնական ոչ մի ծանուցում չի ուղարկվել: Կուսակցություններն են, որ պետք է արդար ընտրություններ անցկացնելու ցանկություն ունենան»,- նկատեց Արտյուշա Շահբազյանը:
Նշենք, որ ըստ ՀՅԴ-ի՝ «այսպիսի շարժման առաջացման և ծավալման գլխավոր արգելքը տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ընտրությունների նկատմամբ ձևավորված կարծրատիպերն են, որոնց հետևանքով մարդիկ չեն հավատում ընտրություններին: Շարժումը հենց այն գործը պետք է անի, որ վերականգնի ժողովրդի հավատն իր ուժերի նկատմամբ` համախմբելով հասարակությանը կարևորագույն մի գաղափարի շուրջ. տիրել իշխանությանը` տեր կանգնելով յուրաքանչյուրի ընտրական իրավունքին»:










































