ВВС-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ը քննադատել է Իրանին՝ այդ երկրում իր նորաստեղծ «վիրտուալ դեսպանատան» մուտքը շրջափակելու համար։ Խոսքն այն երկու կայքերի մասին է, որոնց ստեղծման մասին ԱՄՆ
Պետդեպարտամենտը հայտարարել էր երեքշաբթի օրը։ Դրանցից մեկն անգլերենով էր (iran.usembassy.gov), իսկ մյուսը՝ պարսկերենով (persian.iran.usembassy.gov)։
Ի պատասխան ամերիկյան քննադատության՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանատան» բացումը վկայում է այն մասին, որ Սպիտակ տունը ցանկանում է է՛լ ավելի վատթարացնել Իրանի հետ իր հարաբերությունները.
«Այդ վեբկայքի բացումը չի փոխհատուցի այն վնասը, որը պատճառվել է երկկողմանի հարաբերություններին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրանի ժողովուրդը միայն ականատես է եղել ԱՄՆ կողմից ահաբեկիչների աջակցությանը, իր հանդեպ անհիմն մեղադրանքներին ու սահմանված պատժամիջոցներին, որոնք խոչընդոտում են Իրանի տեխնիկական առաջընթացը։ ԱՄՆ-ը շարունակում է իր հակաիրանական քաղաքականությունը, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ ԱՄՆ-ը պետք է փոխի Իրանի հանդեպ իր մոտեցումը»։
Հիշեցնենք, որ երեկ իրանական իշխանությունները շրջափակել էին Իրանում ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանատան» մուտքը։ Իրանում բոլոր այն անձինք, ովքեր փորձել էին մուտք գործել ամերիկյան «վիրտուալ դեսպանատան» կայք, կարդացել էին պարսկերենով գրված հետևյալ նախադասությունը. «Համակարգչային հանցագործությունների օրենքի համաձայն՝ այս կայքից օգտվելն անհնար է»։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Թեհրանում ԱՄՆ «վիրտուալ դեսպանատան» բացումը նոր խաբկանք է, և Իրանի ժողովուրդը չի տրվի դրան. «ԱՄՆ-ի նոր ցանցային նախագիծը ձախողված փորձ է՝ իրանական ժողովրդին համոզելու համար, թե Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության մեջ մտնել Թեհրանի հետ»։








































