Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին տուգանել է 32,000 եվրոյով։
ՄԻԵԴ-ը քննել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիևի եղբոր՝ Ռաֆիկ Ալիևի ներկայացրած բողոքը։ ՄԻԵԴ-ը եկել է այն եզրահանգման, որ Ռաֆիկ Ալիևի գործում Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 1-ին հոդվածները։
ՄԻԵԴ-ը պարզել է, որ Ռաֆիկ Ալիևի նախնական կալանքն անհիմն կերպով երկարաձգվել է ավելի քան երկու տարով, իսկ դատական գործընթացն արդարացի չի եղել։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը Ռաֆիկ Ալիևին հասցրած բարոյական վնասի համար նրան պետք է վճարի 7000 եվրո փոխհատուցում, և ևս 25,000 եվրո պետք է վճարի գործի ձգձգման ու կատարված ծախսերի համար։
Նշվում է, որ Ռաֆիկ Ալիևը ժամանակին հանդիսացել է մի շարք ընկերությունների, այդ թվում՝ նաև Ադրբեջանի ամենախոշոր մասնավոր ընկերություններից մեկի՝ Azpetrol-ի ղեկավարը։ Նա ձերբակալվել է 2005 թվականին՝ 30,000 դոլարի մաքսանենգության կասկածանքով։
Ավելի ուշ նրան մեղադրել են յուրացումների, հարկերից խուսափելու, նավթային մաքսանենգության, զանգվածային անկարգությունների կազմակերպման ու հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ 2007 թվականին ադրբեջանական դատարանը նրան դատապարտում է 9 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի կեսերին էլ ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է 25,000 եվրո փոխհատուցում վճարի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլաևին։








































