Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դրանով իսկ այդ օրինագիծը հայտնվել է Ֆրանսիայի Սենատի օրակարգում։
Օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո գումարով։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը երեք ժամ տևած քննարկումներից հետո մերժեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Քվեարկության ժամանակ 196 սենատոր դեմ էր քվեարկել դրան, 74-ը՝ կողմ, իսկ 20-ը` ձեռնպահ: Արդյունքում, այդ նախագիծը դուրս էր մնացել Սենատի օրակարգից:
Ի դեպ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվել են 1998, 2000 և 2001 թվականներին: Իսկ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատն ընդունեց (Հոլոքոսթի նման) Հայոց ցեղասպանությունը մերժողներին պատասխանատվության ենթարկելու օրինագիծը, որը ցայժմ չի վավերացվել Սենատի կողմից:











































