Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ։ Թուրքիայի առևտրի և մաքսային ծառայության նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ իրենք վճռել են Սիրիայից ներկրվող բոլոր ապրանքների վրա սահմանել 30 տոկոսանոց հարկ։
Բացի այդ, թուրքական կողմն արգելել է ավելի քան 20 տարվա վաղեմություն ունեցող սիրիական փոխադրամիջոցների մուտքն իր տարածք։ Նշվում է, որ միայն այս ամենից հետո է թույլատրվել թուրք-սիրիական սահմանին 5 օր շարունակ կանգնած բեռնատարների մուտքը թուրքական տարածք։
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին Սիրիայի կառավարությունը կասեցրել էր Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի շրջանակներում բոլոր գործողությունները։
Ի դեպ, Սիրիան դարձել է առաջին արաբական երկիրը, որը Թուրքիայի հետ ստորագրել է ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր (2004 թվականի դեկտեմբեր)։









































