Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Հունգարիայի Արևելյան գործընկերության գծով հատուկ հանձնարարություններով դեսպան դոկտոր Յանոս Տերենյիին և Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի):
Դեսպան Տերենյին ներկայացրեց ԵՄ-ում հունգարական նախագահության առաջնայնությունները` 2011թ. հունվարից Հունգարիայի` վեց ամսով ստանձնում է ԵՄ նախագահությունը ստանձնելու համատեքստում: Հունգարական կողմը շեշտեց Արևելյան գործընկերության կարևորությունը և ներկայացրեց հունգարական նախագահության մոտեցումները բազմակողմ համագործակցության մի շարք հարցերի առնչությամբ: Կողմերը քննարկեցին 2011թ. մայիսին Բուդապեշտում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ կողմերի մոտեցումները:
Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին և այդ հարցում գրանցված առաջընթացին: Փոխնախարար Ղազինյանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները` շեշտելով Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի ընդլայնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնայնություններին` Կարինե Ղազինյանը կարևորեց ԵՄ երկրների աջակցությունը մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման շուրջ քննարկումներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: