Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այսօր հայտարարել է, թե ներկա փուլում անհնար է համարում իր միջնորդությունը վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործում:
«Վերջին ժամանակներս ոչ քիչ քաղաքական գործիչներ ու փորձագետներ խոսում են վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը իմ ներգրավման անհրաժեշտության մասին, բայց ես դա անհնարին եմ համարում»,-ասել է Շևարդնաձեն:
«Նախ՝ ինձ ոչ ոք պաշտոնապես չի առաջարկել միջնորդ դառնալ այդ կարևոր ու բարդ հարցում, երկրորդը՝ եթե ինձ առաջարկեն այդ առաքելությունը, ես համաձայնություն տալու իմաստ չեմ տեսնում, քանի որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը ոչ թե պաշտոնաթող, այլ գործող քաղաքական գործիչների գործն է»,-նշել է Վրաստանի նախկին նախագահը: Միևնույն ժամանակ Շևարդնաձեն ասել է, որ «առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման` հնարավոր չէ ո՛չ Վրաստանի տնտեսական վերածնունդն ու զարգացումը, ո՛չ նրա տարածքային ամբողջականության վերականգնումը»: