Վաղը կառավարության նիստում նախատեսվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետությունից 147.51 հեկտար, որից 34.23 հեկտար թփուտ և 113.28 հեկտար անտառածածկ տարածք` պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին:
Որոշման նախագծում նշվում է, թե այդ տարածքի ծառերը հատվել են դեռ 90-ականներին, ընկերության կողմից քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու դեպքում նշված տարածաշրջանում մասամբ կլուծվի գործազրկության խնդիրը, կստեղծվեն բավականին թվով աշխատատեղեր, ինչպես նաև խթան կհանդիսանա ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «ՀՀ Կոտայքի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման իրականացման համար:










































