Ամերիկյան Wall Street Journal-ի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իր ութօրյա շրջագայությունից վերադառնալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ շրջագայության ընթացքում ԱՄՆ փոխնախագահն այցելել է Իրաք, Թուրքիա և Հունաստան:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ Բայդենը նշել է. «Ես գոհ եմ Էրդողանի հետ հանդիպման տևողությունից։ Նախատեսված 45 րոպեի փոխարեն՝ այն տևեց 2 ժամ, չնայած բժիշկների նախազգուշացումներին։ Հանդիպման ժամանակ Էրդողանի խորհրդականները բավական հաճախ էին մտնում հանդիպման սենյակ և հաղորդագրություններ փոխանցում նրան, որոնցում նշված էր հանդիպումն ավարտելու անհրաժեշտության մասին։
Մենք Էրդողանի հետ ծանոթ ենք ավելի քան 10 տարի։ Հանդիպման ժամանակ լսեցինք միմյանց։ Նա լսեց տարբեր խնդիրների շուրջ իմ դիրքորոշումը և չհակադարձեց դրան»։
Հիշեցնենք, որ Բայդենն ու Էրդողանը հանդիպել են 4 օր առաջ Ստամբուլում գտնվող Էրդողանի տանը։ Հանդիպման գրեթե կեսը նվիրվել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այդ երկրի ապագային, իսկ մնացյալ ժամանակահատվածում կողմերը քննարկել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի, Սիրիայի, Իրանի, Կիպրոսի, Բալկանների, թուրք-իսրայելական հարաբերությունների, Թուրքիայի նոր Սահմանադրության և վերջապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։











































