Գյումրիում կա 6500 անօթևան ընտանիք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը` խոսելով Գյումրիի ներկայիս վիճակի մասին: «Անօթևաններից պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա են միայն 3 հազարը, իսկ մնացածը ենթակա չեն փոխհատուցման, այսինքն` այդ մարդկանց ճակատագիրն անհայտ է»,- մեկնաբանեց Վ. Թումասյանը`հավելելով, որ մարդիկ, բացի ցրտից, բացի գործազրկությունից, սովից, ոչինչ չեն տեսնում:
Ըստ նրա` Գյումրիում մարդկանց մեջ վախ կա, որ կգան և այն տարածքից, որտեղ ապրում են, կվտարեն: Վ. Թումասյանի համոզմամբ` իշխանությունները պետք է երաշխավորեն մարդկանց, որ իրենց տնակը չի քանդվի: «Այս դեպքում մարդը գոնե հոգեպես հանգիստ կլինի, որ գոնե տնակում կշարունակի ապրել: Քաղաքի մոտավորապես 18 տոկոսը գոյատևում է նման ծանր պայմաններում»,- նշեց Վ. Թումասյանը` ներկայացնելով իրական վիճակը:











































