Վերջերս Լոնդոնում լույս տեսած Աշխարհագրական պատկերազարդ հանրագիտարանի ռուսերեն թարգմանությունը վաճառվում է նաեւ հայաստանյան գրախանութներում: 9500 դրամ արժողությամբ հանրագիտարանի ռուսերեն թարգմանությունը իրականացրել է ռուսական «Մախաոն» հրատարակչությունը` «Լուկոյլ» ընկերության տնօրեն Վագիպ Ալեքպերովի հովանավորությամբ: Պատկերազարդ հանրագիտարանի «Հայաստան» բաժնում գրված է, որ Հայաստանի էթնիկ կազմը հայեր են, սակայն մեծ թիվ են կազմում նաեւ շիա մահմեդականները: Նշված է նաեւ, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, իսկ ադրբեջաներենը համարվում է երկրորդ լեզու: Ղարաբաղի մասին հիշատակում եւս կա, համաձայն որի` Ղարաբաղը հայերով բնակեցված ադրբեջանական տարածք է եւ Հայաստանի հետ կապող հաղորդակցության ուղիներ չունի: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժնի գիտքարտուղար Ալիկ Ղարիբյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ դադրեցվել է այդ հանրագիտարանի վաճառքը հայաստանյան գրախանութներում, եւ ընթանում է դատական գործընթաց: Ղարիբյանի կարծիքով, վերոհիշյալ կեղծիքները կատարվել են ռուսական թարգմանության ժամանակ, հաշվի առնելով, թե ով է այդ թարգմանության հովանավորը: