Կառավարությունն իրավասություն չունի միջամտել ավիացիայի ոլորտում ձևավորվող սակագներին: Ինչպես այսօր ԱԺ նիստում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, այս ոլորտում սակագները ձևավորվում են մրցակցության պարագայում, սակայն մի շարք պետություններ պահանջում են, որ սակագները վերահսկելի դառնան: «Տվյալ դեպքում մեր քաղավիացիան սակագներն ընդունում է ի գիտություն»,- նշեց Ա.Մովսեսյանը:
Նրա խոսքով, ներկայում առաջնահերթ խնդիր է համարվում երկրում փոքր ավիացիայի զարգացումը, գրեթե ավարտված է օրենսդրական դաշտի ձևավորումը, պատրաստ են թռիչք-վայրէջքուղիները: Ա.Մովսեսյանի բնորոշմամբ՝ Հայաստանի փոքր լինելն է խոչընդոտում փոքր ավիացիայի զարգացմանը, և այսօր կարող են հետաքրքիր լինել սիրողական թռիչքները:
Անդրադառնալով անվտանգության հարցին՝ Ա.Մովսեսյանը հայտնեց, որ օդանավերը միջազգային կազմակերպությունների կողմից 3 տարին մեկ անգամ անցնում են պարտադիր աուդիտ, և գնահատականները շատ բարձր են:










































