ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել են, որ լայնածավալ արշավ են սկսում սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար: Մասնավորապես՝ ինչպես հաղորդում է BBC-ն, նրանք կստեղծեն միջազգային հիմնադրամ և հատուկ բաժին պետդեպարտամենտում, որոնք կհամագործակցեն ամբողջ աշխարհում նույնասեռականների իրավունքները պաշտպանելու համար:
«Պետդեպարտամենտը և ներքին անվտանգության նախարարությունը պետք է ընդլայնեն իրենց գործունեությունը, որպեսզի սեռական փոքրամասնությանը պատկանող փախստականները և քաղաքական ապաստան խնդրողները ունենան մյուսներին հավասար պաշտպանության և օգնության իրավունք»,- ասվում է ԱՄՆ նախագահի հուշագրում:
Հիլարի Քլինթոնը նշել է, որ հիմնադրամի ստեղծման համար հատկացվել է աելի քան 3 մլն դոլար: Ընդ որում, Քլինթոնի խոսքերով՝ զարգացող երկրներին օգնություն հատկացնելիս հաշվի կառնի այն հանգամանքը, թե որքանով են դրանցում պահպանվում նույնասեռականների իրավունքները:
Քլինթոնը նշել է, որ անձի սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականությունը Վաշինգտոնը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում:









































