«Արդյոք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարգապահական տույժ կիրառե՞լ է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի նկատմամբ՝ Ազգային ժողովի դահլիճում պետական բյուջեի քննարկումների ժամանակ կոմպյուտերային խաղ խաղալու համար»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը երեկ ամբողջ օրը, ի հեճուկս բազմակի խոստումների, այդպես էլ չի պատասխանել մեր թղթակցի վերը նշված հարցին: ՀՀ նախագահի՝ կառավարության գործունեության կարգը սահմանող հրամանագրում ասվում է, որ վարչապետը նախարարին կարող է կարգապահական տույժի ենթարկել պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում: Եթե վարչապետը Մովսիսյանին նկատողություն կամ խիստ նկատողություն չի հայտարարել Աժ դահլիճում շարիկ գլորելու համար, նշանակում է՝ շարիկ գլորելը համարում է նախարարի պաշտոնեական պարտականությունների անբաժանելի մաս:
Եթե այդպես է, վարչապետը պետք է գոնե խրախուսանքի արժանացնի Մովսիսյանին՝ պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և օրինակելի կատարման համար: Ըստ գործող կարգի՝ նախարարը վարչապետից որպես խրախուսանք կարող է ստանալ շնորհակալագիր, թանկարժեք հուշանվեր կամ նվեր, կամ էլ, ծայրահեղ դեպքում, հուշամեդալ»: