Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել դեկտեմբերի 4-ին Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների անցկացման կապակցությամբ։
Երեկ երեկոյան Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օկուպացված տարածքներում բացել է այսպես կոչված 12 ընտրատեղամասեր, իսկ ընտրություններին մասնակցել է բնակչության միայն այն մասը, որոնց ապօրինի ձևով բաժանել են ռուսական անձնագրեր։
Օկուպացված տարածքներում այդ ընտրություններն անցկացվել են ապօրինի՝ միջազգային իրավունքի արմատական սկզբունքների խախտմամբ։ Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ադեկվատ գնահատական տալ այդ օրինախախտումներին»։
Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, թե իրենք ցանկանում են, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում հաղթեն ժողովրդավարական ուժերը (առանց մանրամասնելու, թե որոնք են այդ ուժերը)։