ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով կիրակի օրը Ռուսաստանում կայացած Պետդումայի ընտրություններին, հայտարարեց, թե ողջունում է ացկացված ընտրությունները:
«Ես առաջնորդվում եմ մեկ նպատակով` կայունություն, իսկ ՌԴ-ում տվյալ ուժերի բաշխվածության պարագայում կայունություն է ապահովվում: Իսկ ես ինչո՞ւ եմ որպես հայ մարդ հակված, որպեսզի Ռուսաստանում լինի կայունություն… Ես խորապես համոզված եմ, և դարերի ընթացքում արդեն ակնհայտ է դարձել, որ մեր անվտանգության համար Հայաստանի կայունությունն ուղղակիորեն և մեծապես պայմանավորված է Ռուսաստանի կայունությամբ: Այդ առումով, հետխորհրդային տարածքում, եթե դուք ուշադրություն դարձնեք` գրեթե բոլոր պրոցեսները, ոչ թե միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, թեկուզ որոշակի պարագաներում նաև դժվար ընդունելի լինելը, գոնե զարգացման այս սկզբնական փուլերում`գրեթե բոլոր տեղերում նույնն են: Ելնելով այս մոտեցումից և կամ նման մտածողությունից` ես ուզում եմ կարծել, որ Ռուսաստանում, այո՛, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ըստ էության, ամենաբարձր դիրքերում է գտնվում: Իսկ ինչո՞ւ պետք է զարմանայինք, որ այնտեղ ընտրությունները չեն կատարվել այնպես, ինչպես ինչ-որ մարդիկ կուզենային…»,- նկատեց Բոստանջյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը մեր ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Հայաստանում Կոմունիստական կուսակցությանը ավելի ու ավելի քիչ են վստահում, մինչդեռ ՌԴ-ում պատկերն այլ է. «Իսկ Ռուսաստանում, առավոտյան տվյալներով, գրեթե 20 տոկոսը ձայն է տվել Կումունիստական կուսակցությանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանում ձայների այդպիսի բաշխվածության պարագան ակնհայտորեն տվյալ երկրի համար խոստանում է կայունություն, որն ամենակարևորն է նման իրավիճակներում»:











































