ՀՀ ոստիկանությունը պատժիչ ջոկատի նման է աշխատում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան, ակտիվիստ Լալա Ասլիկյանը`խոսելով ՀՀ ոստիկանության գործունեության և օրինական դաշտում ծավալած աշխատանքների շուրջ:
Նրա համոզմամբ, պատժիչ ջոկատի նման է աշխատում, քանի որ առևանգում և տանում են պատժելու այն քաղաքացիներին, որոնք մասնակցում են այս կամ այն բողոքի ակցիային: Լ. Ասլիկյանը նշեց, որ մարդիկ խուսափում են անօրինական գործողությունների դեմ ոստիկանության հետ համատեղ պայքարել:
«Հասարակության շրջանում հենց այդ կարծիքն է, որ ոստիկանությունում ծեծում են, որ բռնություն են կիրառում: Եթե մեկի հարևանն ընկնի ոստիկանություն, միանգամից կսկսեն ծանոթ փնտրել, որ նրան այնտեղից ազատեն: Սա բոլորի կարծիքն է»,- մեկնաբանեց իրավապաշտպանը` հավելելով, որ իրավական դաշտում տեսնում է միայն անօրինական կերպով բերման ենթարկվողների:
Նշենք, որ վերջերս իրավապաշտպան Լալա Ասլիկյանը բերման էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ կապակցությամբ նա հայց է ներկայացրել դատարան և պահանջել, որ անօրինական ձերբակալման մեղավորները պատժվեն: