«Ես կարծում եմ՝ այն, ինչ պետք է ակնկալել կառավարությունից, ոչ թե պետական մակարդակով չափազանց լավ պատրաստված մասնագետների փոխատեղումն է, այլ առաջին հերթին ծրագրային վերանայումները և գաղափարախոսությունների փոփոխությունները»,- գնահատելով կառավարության կազմում վերջին փոփոխությունները՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ցավոք, շարունակվում է բանկային հոգեբանությամբ տնտեսության կառավարման մոդելն ու կադրային քաղաքականությունը: Բանկային հոգեբանությունը տնտեսության զարգացման հոգեբանությանը համահունչ չէ: Հավատացեք, ես ինքս երկար տարիներ եղել եմ ֆինանսական համակարգում աշխատող, բանկային հոգեբանությամբ կառավարիչը մտածում է առավելագույն շահույթ ապահովելու մասին, իսկ տնտեսական զարգացման հոգեբանությամբ կառավարիչը մտածում է տնտեսության համար առավելագուն շահի մասին»,- ասաց Արծվիկ Մինասյանը: