ԼՂՀ ԱԺ գլխադասային` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը երեկ կայացած նիստում դրական եզրակացություն է տվել ԼՂՀ կառավարության ԱԺ ներկայացրած 2011 թվականի բյուջեի նախագծին: Ավանեսյանն առաջարկել է որպես օրենք ընդունել կառավարության ներկայացրած նախագիծը: Հայտարարվել է, որ ղարաբաղցի խորհրդարանականները քննարկումների արդյունքում 22 առաջարկություն էին ներկայացրել կառավարությանը, որոնք, սակայն, հիմնականում խորհրդատվական բնույթ էին կրում: Հետևաբար, կառավարությունը երեկվա նիստից հետո մեկ աշխատանքային օր ժամանակ է տվել` նոր առաջարկություններ ներկայացնելու համար: Գալիք տարվա բյուջեի նախագծի շուրջ ԼՂՀ ԱԺ քննարկումները կշարունակվեն դեկտեմբերի 23-ին: Հիշեցնենք, որ, համաձայն ԱԺ ներկայացված նախագծի, առաջարկվում է ԼՂՀ 2011 թվականի պետական բյուջեն հաստատել՝ եկամուտների գծով՝ 60 մլրդ 857 մլն 944.3 հազար դրամ, ներառյալ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը, ծախսերի՝ 63 մլրդ 704 մլն 094,6 հազար դրամ: Ըստ այդմ, պակասուրդը կկազմի 2 մլրդ 846 մլն 150.3 հազար դրամ: Պակասուրդը կֆինանասավորվի փոխառու զուտ միջոցներից և ֆինանսական ակտիվներից: