Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը անդրադարձան պարտադիր ապահովագրության օրենքին: Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ ապահովագրության հետ կապված խնդիրներ գոյություն ունեն, և ավելացրեց, որ «Ժառանգությունը» կողմ է ապահովագրությանը, բայց դեմ է ժամկետներին: «Մեր քաղաքացիները գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, և պարտադիր ապահովագրություն մտցնելով՝ մենք բեռ ենք դնում քաղաքացու վրա»: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ ապահովագրության գումարները շատ փոքր են Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում սահմանված գումարներից: «Օրենքը հետաքրքրում է մեր հասարակության բոլոր անդամներին: Օրենքը վնաս պատճառողին պարտադրում է պարբերաբար կատարել փոքր վճարումներ և կատարել իր քաղաքացիական պարտքը»,- նշեց Գագիկ Մինասյանը: