Այսօր Ազգային ժողովում «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագծի շուրջ հասարակական լսումների արդյունքում բնապահպաններն ու պաշտոնյաները համաձայնության չեկան: Բնապահպանները պահանջում էին օրինագիծը ետ կանչել`լրամշակման համար, սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր եզրափակիչ ելույթում պատգամավորներին առաջարկեց առաջին ընթերցմամբ անցկացնել, ապա մինչև երկրորդ ընթերցում առաջարկությունների հիման վրա փոփոխել:
Լրագրողների հետ զրույցում նախարարը հավաստեց, թե իրենց նպատակն է գործարար միջավայրի բարելավումը և բնապահպանական խնդիրների պաշտպանությունը. «Օպտիմալ հնարավոր տարբերակն է գտնվել»: Ըստ նրա՝ բնապահպանական փորձաքննության համար ժամկետների կրճատման դասակարգիչով նախատեսվում է ամենաբարդ փորձաքննության համար հատկացնել 60 օր, միջինի համար՝ 40, և հեշտացվածի համար՝ 30 օր, հնարավորություն է տրվում անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը երկարացնել 50%-ով:










































