Ինչպես ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտնել է բրիֆինգի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից WikiLeaks կայքում հրապարակված նյութերի համար:
«Նախորդ օրը պետքարտուղարը զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- ասել է Քրոուլին: «Օգտվելով հնարավորությունից` նա ափսոսանք է հայտնել WikiLeaks-ի հրապարակումների կապակցությամբ: Պետքարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ամուր մնալ»,- ավելացրել է նա:
Քլինթոնը հաստատել է, որ ԱՄՆ-ն շարունակում են մնալ այդ հանրապետության վստահելի գործընկերը, և Ալիևի հետ քննարկել է «ռազմավարական համագործակցության հարցերը»:
Թեպետ WikiLeaks-ի հրապարակումներում շոշափվում են հարցեր, որոնք վերաբերում են Ադրբեջանի նախագահի ընտանիքին, սակայն դա, Քրոուլիի տպավորությամբ, չի ազդել Ադրբեջանի նախագահի վրա, և վերջինս «հասկացել է, որ այդ փաստաթղթերը չեն ազդի երկրների հարաբերությունների վրա»: