Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող որոշ կուսակցությունների` ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր գործակցության շուրջ հայտնած անհամաձայնությունը չի կարող ՀԱԿ-ի պառակտման պատճառ դառնալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի՝ ԲՀԿ հետ ՀԱԿ-ի գործակցության վերաբերյալ հայտնած անհամաձայնությանը:
Սարգսյանի խոսքով, հարցի շուրջ ի վերջո կոնսենսուս կգրանցվի: «Այդ թեման քննարկման մեջ առհասարակ չկա: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տվյալ միտքը ընդամենը նրա կողմից իրավիճակի վերլուծություն է եղել: Կարծիքի մասով մարդիկ կարող են համաձայն լինել, կարող են համաձայն չլինել: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, այնպես որ՝ պառակտումը ՀԱԿ-ում բացառում եմ»,- ասաց նա:
Հարցին, համակարծի՞ք է արդյոք ՍԴՀԿ-ն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ վերլուծությանը՝ կուսակցության ատենապետը նկատեց. «Քաղաքական ուժերի հետ համագործակցության առումով մենք կիսում ենք ՀԱԿ առաջնորդի տեսակետը»:
Անդրադառնալով ԲՀԿ-ական գործիչների վրա վերջին ժամանակներս նկատելի դարձած ճնշումներին՝ Սարգսյանն ընդգծեց, որ դրանք քաղաքական նպատակ են հետապնդում՝ պատժամեքենան ճիշտ ժամանակին գործի դնելու համար: «Կարծում եմ՝ այդ հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը: