Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում վերանայել Շենգենյան համաձայնագիրը, որպեսզի ավելի լավ վերահսկվեն արտաքին սահմանները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Եվրոպան իր ներսում կիրառում է ազատ շարժվելու հնարավորությունը և չի վերահսկում իր արտաքին սահմանները: Նման բան այլևս չի կարող շարունակվել: Շենգենը պետք է վերանայվի և վերակառուցվի»,- հայտարարել է Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ պետք է վերջ դնել այն վիճակին, որի դեպքում Եվրոպան բաց է անում իր շուկաները՝ չպահանջելով նույնն իր մրցակիցներից, թույլ է տալիս արտադրել ապրանքներ, որոնք արտադրվել են օրենքը խախտելով:
«Եվրոպան պետք է բանակցություններ վարի իր առևտրային շահերի պաշտպանության շուրջ»,- ասել է Սարկոզին:
Շենգենյան համաձայնագրի մասնակցիներ են Եվրամիության 27 երկրներից 22-ը: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Կիպրոսը Շենգենի մեջ չեն մտնում, իսկ Ռումինիան և Բուլղարիան մտադիր են անդամակցել նրան մոտակա ժամանակում: