Իրավապաշտպանների համար կոռուպցիան ստեղծել է անտանելի պայմաններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը`խոսելով Հայաստանում կոռուպցիայի բարձր ցուցանիշների շուրջ:
Նա նշեց, որ ամենօրյա կյանքում հանդիպում են կոռուպցիոն դրսևորումների: Ս. Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ իրավապաշտպանները հազվադեպ են ի վիճակի լինում իրենց գործը ճիշտ, օրինական ճանապարհով ավարտին հասցնել:
Ըստ իրավապաշտպանի`և՛ նախաքննության, և՛ դատաքննության ընթացքում, ընդհանուր առմամբ, կա կոռուպցիա: «Նախաքննությունները դեռ փակ են ընթանում՝ գաղտնիության սկզբունքի տեսանկյունից: Այդտեղ ավելի քիչ տեսանելի է կոռուպցիան, որովհետև հասանելի չէ: Հրապարակային դատաքննությունների ժամանակ նույնիսկ դահլիճում նստած անձը կարող է տեսնել, թե դատարանն ինչպիսի վճիռ է կայացնում: Կարող է նույնիսկ ինքը հուշել այն հանգամանքը, որը դատավորը պետք է կարևորեր»,- մեկնաբանեց Ս. Սաֆարյանը`հավելելով, որ կոռուպցիան և արդարադատությունը տարբեր նժարների վրա են դրված:
Անդրադառնալով արդարադատությանը` իրավապաշտպանն ասաց, որ այն շատ իջել է, ստորին շեմին է հասել: «Չես կարող պաշտպանյալին հստակ խոստում տալ և ասել, որ այս պահանջը հիմնավոր է կամ ոչ: «Կոռուպցիոն ռիսկի հետ կապված շատ կարևորում եմ Վճռաբեկ դատարանի վերջին շրջանում տեղի ունեցող գործերի ետվերադարձները, որովհետև դրանով բոլոր պաշտպաններին անվանում են անգրագետ: Որոշումները ետ են վերադարձնում և քաղաքացին որոշումը կարդում է, հասկանում, որ իր պաշտպանը չի կարողացել պահանջը ճիշտ ձևակերպել: Այնպիսի չափորոշիչներ կան, որոնք սահմանված չեն»,- ամփոփեց Ս. Սաֆարյանը:
Նշենք, որ այսօր Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 183 երկրներում կոռուպցիայի դրսևորման ամենամյա վարկանիշային աղյուսակը, ըստ որի Հայաստանը ունեցած 2,6 բալով նահանջել է 6 կետով՝ նախկին 123-րդ հորիզոնականից իջնելով 129-րդ: