Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

ԵՍՈւ պայմանագրի` ՀՀ կամ Ադրբեջանի կատարման խնդիրները լուսանցքային են

Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի մասին խոսելիս Հայաստանի իշխանությունները հաճախ են մատնանշում Ադրբեջանի կողմից այդ պայմանագիրը խախտելու հանգամանքը: Սա, թերևս, պատեհ առիթ է դիտարկելու ԵՍԶՈւՊ-ի ստեղծման նպատակները և նրա` այսօրվա հրատապությունն առհասարակ:

«Առաջին լրատվական»-ը դիմեց 1996-ին ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵՍՈւ Թևային համաձայնագրի, ինչպես նաև ԵՍՈւ ադապտացման շուրջ բանակցությունների մասնակից, այժմ` վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանին: Նախ խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՍԶՈւՊ-ը, ի՞նչ նպատակով այն ստեղծվեց, և ի՞նչ դեր է այսօր այն կատարում եվրոպական անվտանգության ոլորտում:

Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (Treaty on Conventional Armed Forces in Europe, կարճ՝ ԵՍՈւ պայմանագիր, CFE Treaty) ստորագրվել է 1990-ին և ուժի մեջ մտել 1992-ին՝ բոլոր անդամ պետությունների վավերացումից հետո: Դրա ակունքում Հելսինկյան գործընթացի՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության ռազմա-քաղաքական հարթությունն էր: Պայմանագրի նախնական կողմերը ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի պետություններն էին, նպատակն էր կանխարգելել եվրոպական մայրցամաքում անկանխատեսելի լայնածավալ ռազմական գործողությունները: Պայմանագիրն այդ նպատակին հետամուտ էր լինում երկու ռազմական դաշինքների միջև սովորական սպառազինությունների 5 կատեգորիաներում հավասարակշռություն սահմանելով՝ շնորհիվ բլոկային ու զոնալ սահմանափակումների, ինչպես նաև դրանց պահպանմանն ուղղված տեղեկատվական փոխանակման և տեսչական ռեժիմների: Պայմանագիրն իր ստորագրումից ի վեր համարվել է եվրոպական կոնվենցիոնալ անվտանգության հիմնաքար: Այսուհանդերձ, իր գործունեության արդեն իսկ վաղ տարիներից այն բազմաթիվ մարտահրավերների է բախվել, որի հետևանքով անհամապատասխանություն է առաջ եկել դրա նախնական նպատակի և ներկա իրողությունների միջև՝ բերելով պայմանագրի կառուցվածքային ամբողջականության և ռազմա-քաղաքական ռացիոնալի զգալի դեֆորմացման:

Ա. Խարազյանը հավելեց. «Օրինակ` լուծարվել է Վարշավայի պայմանագիրը, իսկ դրա բոլոր անդամ պետությունները, բացի ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ-ից, դարձել են ՆԱՏՕ-ի անդամ: Գերմանիայի վերամիավորումն իր հերթին է՛լ ավելի է խորացրել եվրոպական ռազմա-քաղաքական իրողություններին պայմանագրի կառույցի անհամապատասխանությունը: Միաժամանակ, ԽՍՀՄ փլուզման արդյունքում վերջինիս պարտավորությունները փոխանցվել են պայմանագրի տարածքում դրա իրավահաջորդ 7 պետությունների (ՌԴ՝ Ուրալից արևմուտք ընկած մասով, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ինչպես նաև Ղազախստան՝ Ուրալ գետից արևմուտք ընկած մասով), որոնք ժառանգել և 1993 թ. Տաշքենդում ստորագրված պայմանագրով միմյանց միջև են բաշխել ԵՍՈւ-ով ԽՍՀՄ համար սահմանված սպառազինությունների թույլատրված մակարդակները: Վերջապես, ՆԱՏՕ-ի ընդլայնման շրջանակներում այդ դաշինքի անդամ են դարձել 3 բալթյան պետությունները, ինչպես նաև Սլովենիան, Խորվաթիան ու Ալբանիան, որոնք, սակայն, ԵՍՈւ պայմանագրի անդամ չեն, ու այդպիսով ենթակա չեն պայմանագրային սահմանափակումների: Պայմանագրի գործողության տարածքին վերաբերող ևս մեկ հետաքրքիր փաստ է Թուրքիայի հարավարևելյան հատվածի բացառումը, որում ևս սպառազինության սահմանափակումներ չեն գործում՝ ամենայն հավանականությամբ ելնելով Թուրքիայի ազգային ավտանգության որոշ նկատառումների շուրջ դեռևս 80-ականների վերջին Արևմուտքի ու ԽՍՀՄ-ի միջև ձեռք բերված, սակայն երբեք հրապարակավ չարտահայտված պայմանավորվածություններից»:

Մեր զրուցակիցը մանրամասնեց. «ԵՍՈւ պայմանագրի տարածքը բաժանված է սահմանափակման 4 գոտու՝ կոնցենտրիկ ընդլայնման սկզբունքով: Կենտրոնական գոտին Գերմանիան ու հարակից երկրներն են, իսկ ամենաեզրայինը՝ պայմանագրի ողջ տարածքը՝ Ատլանտյան օվկիանոսից միչև Ուրալ: Պայմանագրի տարածքի հյուսիսային ու հարավային եզրերը, որտեղ հատվում են ՆԱՏՕ-ի և նախկին Վարշավյան պայմանագրի կազմակերպության դիրքերը, ներառյալ Բալթիկան ու Կովկասը, կոչվում են թևային գոտի, որտեղ առանձին սահմանափակումներ են գործում: Հայաստանի տարածքը, այսպիսով, պայմանագրի հարավային թևի մաս է, և ահա այս եզրային դիրքն էլ պայմանավորում է Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Վրաստանի նշանակությունը, որոնք, ՌԴ-ի և Ուկրաինայի հետ մեկտեղ, պատասխանատվություն են կրում ոչ միայն սպառազինությունների թույլատրված ազգային մակարդակների, այլև հարավային թևային գոտում սահմանված զոնային սահմանափակումների հավաքական պահպանման համար:

ԵՍՈւ պայմանագրի կատարման առավել վիճահարույց խնդիրներից մեկը հարավային թևային գոտում ՌԴ սպառազինությունների խնդիրն է: Խարազյանը նկատեց. «ՌԴ-ն պայմանագրի միակ պետությունն է, որն իր տարածքում՝ տվյալ դեպքում Հյուսիսային Կովկասում, սեփական սպառազինության տեղակայման քանակի սահմանափակում ունի: Հաշվի առնելով այդ շրջանում առկա անկայուն ռազմա-քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Աբխազիայի և Հրվ. Օսիայի հարցերում ռուսական ռազմական հանձնառությունը, և վերջապես Հայաստանում ռուսական ռազմակայանի խնդիրը, ՌԴ-ն դեռ 90-ականների կեսերից ձգտել է մի կողմից հասնել հարավային թևային գոտու սահմանափակումների վերանայման, իսկ մյուս կողմից՝ թևային մյուս պետությունների հետ երկկողմ պայմանավորվածությունների միջոցով նրանց թույլատրված մակարդակներից որոշ կարողությունների «փոխառման»:

Այս կապակցությամբ, ԵՍՈւ պայմանագրի շրջանակներում 1996 թ. ընդունված Թևային համաձայնագրով վերանայվել են թևային գոտու սահմանափակումները՝ հօգուտ ավելի բարձր թույլատրելի առաստաղների, իսկ հայ-ռուսական պայմանավորվածությունների համաձայն (Հայաստանում Ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի արձանագրություններից մեկը) ՌԴ-ն նաև իրավունք է ձեռք բերել օգտագործել Հայաստանի ազգային մակարդակների մի մասը՝ Կովկասում իր սպառազինության իրական մակարդակներն իր պայմանագրային պարտավորություններին ավելի մոտ սահմաններում պահելու նպատակով: ԵՍՈւ պայմանագիրն ունի նաև սպառազինությունների թույլատրված մակարդակներին իրական մակարդակները համապատասխանեցնելու այլ հնարավորություններ, օրինակ՝ ժամանակավոր տեղակայման մեխանիզմը, որից ևս ՌԴ-ն ակտիվորեն օգտվել է»:

Ա. Խարազյանն ասաց, որ 1996-98 թթ., հաշվի առնելով եվրոպական անվտանգության ոլորտում կատարված համակարգային փոփոխությունները, ԵՍՈւ պայմանագրի անդամ երկրները բանակցություններ են վարել պայմանագրի ադապտացման և նոր իրողություններին դրա համապատասխանեցման շուրջ, որի արդյունքում ստորագրվել է նոր ադապտացված պայմանագիրը, որը, սակայն, դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ այն ոչ բոլոր անդամ պետություններն են վավերացրել: 2000-ականների առաջին կեսին, ըստ մեր զրուցակցի, ԵՍՈւ պայմանագրի կատարումը բարդությունների առջև է կանգնել, երբ Արևմուտքն ու ՌԴ-ն հերթական անգամ տարաձայնությունների փուլ են մտել երկու հիմնական պատճառով. մի կողմից` Արևմուտքը պնդում էր, որ նախքան ադապտացված պայմանագիրը վավերացնելը ՌԴ-ի սպառազինությունները դուրս բերվեն Մոլդովայի և Վրաստանի տարածքից, մյուս կողմից՝ ՌԴ-ն գտնում էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման՝ ԱՄՆ ծրագրերը հաշվի չեն առնում ՌԴ շահերը: «Արդյունքում, վկայակոչելով նոր պայմանագրի վավերացման հարցում Արևմուտքի հանձնառության պակասը, և միաժամանակ, պայմանագրի գործող տարբերակը համարելով ժամանակավրեպ, 2007-ից ՌԴ-ն «առկախել» է պայմանագրին իր մասնակցությունը:

Մինչդեռ արևմտյան մեկնաբանները նկատում են, որ պայմանագիրն «առկախման» մեխանիզմ չունի, այլ միայն «մասնակցության դադարեցման»: 2007-ին պայմանագրին իր մասնակցության առկախման՝ ՌԴ-ի քայլին ի պատասխան, Արևմուտքը շարունակել է միակողմանիորեն հանձնառու մնալ պայմանագրային պարտավորություններին: Սակայն վերջին մի քանի շաբաթում այս ուղղությամբ ևս զարգացումներ են եղել: Մասնավորապես, ի պատասխան ՌԴ նախագահ Մեդվեդևի այն հայտարարության, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տեղակայման՝ ԱՄՆ-ի ներկա պլաններն առաջ գնալու դեպքում ՌԴ-ն համարժեք քայլեր կձեռնարկի, ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան հայտարարել են ՌԴ նկատմամբ ԵՍՈւ պայմանագրային որոշ պարտավորությունների դադարեցման մասին»:

Խարազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում ԵՍՈւ պայմանագրի ապագան՝ թե՛ ներկա պայմանագրի կատարման, և թե՛ ադապտացված փաստաթղթի վավերացման առումով, դժվար է կանխատեսել: «Այսուհանդերձ, պայմանագրի հիմնական նպատակը՝ Եվրոպայում սովորական սպառազինությունների կուտակումն ու հանկարծահաս լայնածավալ ռազմական գործողությունների սկսումը կանխարգելելը, շարունակում են մնալ եվրոպական անվտանգության արդիական հարցադրում, և պետք է ակնկալել, որ անդամ պետությունները կկարողանան համաձանության գալ իրավիճակը փակուղուց դուրս բերելու, և այս կամ այն ֆորմատով ԵՍՈւ պայմանագրի գործընթացը կառուցողական հուն վերադարձնելու շուրջ»:

Ա. Խարազյանի համոզմամբ` Հայաստանի համար ԵՍՈւ պայմանագրի արժեքը, զուտ կիրառման խնդիրներից անդին, մի քանի հարթություն ունի. նախ այն բազմազանեցնում է մեր՝ այլապես միանիստ ռազմա-քաղաքական հորիզոնը, դրան հաղորդելով ընդգծված տարածաշրջանային հատկանիշ՝ համաեվրոպական կոնտեքստում; երկրորդ` այն Հայաստանին խարսխում է եվրոպական անվտանգության և համագործակցության կառույցներում՝ պահպանելով հանդերձ երկրի ավանդական ռազմական համագործակցության ուղղությունները; և երրորդ` այն, տեսչական և տեղեկատվական փոխանցման մեխանիզմների միջոցով, հնարավորություն է տալիս ուղիղ ռազմական կապեր զարգացնել պայմանագրի անդամ այնպիսի պետությունների հետ, որոնց հետ երկկողմ մակարդակով նման շփումներն առայժմ անհնարին են. այս հնարավորությունը, թերևս, պայանագրի՝ Հայաստանին տված ամենամեծ առավելությունն է եղել՝ թույլ տալով մեզ զարգացնել միջազգային ռազմական համագործակցության որոշակի մշակույթ, մակարդակ և ստանդարտներ:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՍՈւ պայմանագրի պարտավորությունների կատարման խնդիրը հայաստանյան հասարակության ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվել է 1996-ին, իբրև Վիեննայում ԵՍՈւ Թևային համաձայնագրի բանակցությունների արձագանք: «Պետք է նշել, որ Ադրբեջանն իրոք տարիներ շարունակ ոչ միայն գերազանցել և շարունակում է գերազանցել իր թույլատրելի մակարդակները, այլև հայտարարում է այդ մասին և ավելին, միակողմանիորեն դադարեցրել է իր տարածքում պայմանագրի գործողության մի շարք դրույթներ՝ պատճառաբանելով ԼՂ հակամարտության գոյությունը: Հայկական կողմն այս հարցը բազմիցս բարձրացրել է և օգտագործել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով ստեղծված իրավիճակի վրա: Հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, երբևէ չի գերազանցել իր թույլատրված մակարդակները, թեև, ըստ ամերիկյան գնահատումների, օրինակ, ունի պայմանագրի կատարման հետ կապված որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք վերաբերում են հիմնականում տեղեկատվական փոխանակման պրակտիկային, ինչպես նաև առանձին հայտարարագրումների:

Ասվածից պարզ է, որ ԵՍՈւ պայմանագրի կատարման՝ Հայաստանի և Ադրբեջանի ցուցանիշները միանգամայն տարբեր են և անհամեմատելի՝ ի վնաս Ադրբեջանի: Խնդիրն այն է՝ որքա՞ն արդյունավետ են դրա վրա հասարակական լայն ուշադրություն հրավիրելու ջանքերը, և արդյոք այս խնդիրն իրականում ունի՞ այն հրատապությունը, որը մենք երբեմն ձգտում ենք տեսնել դրանում: Կարծում եմ` հարցը միանգամայն իրավացիորեն պետք է մնա ԵՍՈւ պայմանագրի Համատեղ խորհրդատվական խմբում Հայաստանի պատվիրակության ուշադրության կենտրոնում և օգտագործվի՝ հարկ եղած հարցադրումներն ու դիրքորոշումները ներկայացնելու նպատակով: Միաժամանակ, այն, ըստ իս, ավելի շատ աշխատանքային, քան հռետորական արժեք ունի, և մինչ դժվար է առարկել դրա հանրայնացման ու միջազգային ասպարեզում տարբեր մակարդակներով արծարծման փորձերին, այսուհանդերձ, դժվար է նաև տեսնել՝ ինչ իրական օգուտ են բերում այդ ջանքերը»:

Արմեն Խարազյանը զրույցի ավարտին ամփոփեց ասելիքը. «Հաշվի առնելով ԵՍՈւ պայմանագրի բնույթը, նպատակն ու դրա իրականացման ճանապարհին այսօր գոյություն ունեցող խոչընդոտները, Հայաստանի կամ Ադրբեջանի կատարման խնդիրները բավականին լուսանցքային են՝ թե՛ իրենց կարևորության, թե՛ ծավալի, և թե՛ հրատապության առումով: Ավելին, Ադրբեջանի ռազմական բյուջեի աճն ու սպառազինումը շատ ավելի մեծ ուղեծիր ունեն, քան սովորական սպառազինությունները, և դրանց ավելի սկզբունքային, համակարգային հակազդեցություն է պետք: Հետևաբար, առանց անտեսելու Ադրբեջանի պարտավորությունների չկատարման խնդրին համապատասխան շրջանակներում մշտապես հետամուտ լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ, որ այդ հարցադրման հանրայնացումն առանձնապես մեծ առավելություն չի բերում, թեև համոզված եմ նաև, որ մեր հասարակությանն այս հարցերում ավելի խորքային տեղեկատվություն և վերլուծություն տրամադրելը կնպաստի բանավեճի մակարդակի աճին և հասարակական մտքի հետագա զարգացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում