Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նամակ է հղել Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Իր նամակում Գարեգին 2-րդն ընդգծել է, որ ուրախ է եղել Երևանում կայացած ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նիստի ժամանակ հյուրընկալել Փաշազադեին.
«Մեր նախորդ հանդիպումները, խաղաղության կոչերը, մեր իշխանություններին ու ժողովուրդներին ուղղված ուղերձները կարևոր քայլ հանդիսացան խաղաղության պահպանման և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ճանապարհին։
Երևանում կայացած մեր հանդիպումը, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումները և այդ գործընթացում հոգևոր առաջնորդների մեր առաքելությունը կարևոր ձեռքբերում է, որն անկասկած դրական արձագանք կստանա մեր ժողովուրդների կողմից և կնպաստի ոգու, փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրագրմանը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Գարեգին 2-րդի ու Փաշազադեի հանդիպման ժամանակ կողմերը որոշել են իրենց հետագա հանդիպումներից մեկն իրականացնել մարտական գոտում։