Այսօր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհրդի ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների բաժինը կազմակերպել է ցուցահանդես՝ «Հայաստանը մենք ենք. Իմ զենքն է» խորագրով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների հատուկ մասնագետ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ այս ցուցահանդեսն ի սկզբանե նպատակ ուներ կազմակերպել Ուսանողների միջազգային օրը, բայց կազմակերպչական ինչ-ինչ հարցերի պատճառով այն հետաձգվեց ու համընկավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հետ:
«ԳԱԱ դեղագործական քիմիայի բաժինը պատրաստվել է այս ցուցահանդեսին` ներկայացնելով խորհրդատվություն ՁԻԱՀ-ի մասին»,- ընդգծեց նա:
Ուսանողուհիներից մեկի` Սեդա Կեսոյանի խոսքով, ՁԻԱՀ-ի մասին շատերն են լսել, սակայն մեծամասնությունը մտածում է, թե այն իրեն չի դիպչի: Հարկավոր է իմանալ, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական կարգավիճակ, մասնագիտություն:
«ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերության ժամանակ կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկմամբ ու վարակված արյան փոխներարկմամբ»,- նշեց նա` ընդգծելով, որ չվարակվելու համար պետք է իմանալ` ինչպես խուսափել վարակվելուց ու պատասխանատվությամբ վերաբերվել սեփական ու այլոց առողջությանը: