Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այս տարի դեկտեմբերի 3-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:
Տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 2-ին` երեկոյան ժամերգությանը և նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր տաճար կբերվեն և մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամերգություն կմնան Մայր Աթոռի Գանձատանը պահվող սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Դեկտեմբերի 3-ին Մայր տաճարում կմատուցվի Սուրբ պատարագ:
Այս ընթացքում հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների սրբազան մասունքներին: