«Արմֆուդ» ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանը և նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր ասուլիսում հայտարարեցին, որ դիմելու են դատարան` պահանջելով անվավեր ճանաչել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից ձեռնարկության գործունեության կասեցման մասին որոշումը և փոխհատուցել ընկերությանը պատճառված վնասը:
Լ. Բաղդասարյանը վրդովված հայտարարեց, թե կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերման վերաբերյալ հայտարարություններն անհիմն են, վնասվել է ընկերության բարի համբավը, ինչպես նաև ընկերությանը պատճառվել է մեծ նյութական վնաս, որի չափերը ճշտվում են, և վարչապետին կոչ արեց հսկողության տակ վերցնել այս հարցը: Փաստաբանը հարցադրում հնչեցրեց` «ի՞նչ նպատակ է սա հետապնդում, ընդամենը շոո՞ւ է, «Արմֆուդ»-ին շուկայից դուրս մղելու ցանկությո՞ւն,թե՞ ցուցանիշ ապահովելու ձգտում»:
Բ. Սողոմոնյանի խոսքով` իրենք կաթը ստուգման են ներկայացրել նաև առողջապահության նախարարության լաբորատորիայում, որը հերքել է ստաֆիլակոկի առկայությունը: Ընդ որում, Սննդի անվտանգության լաբորատորիան ցուպիկ է հայտնաբերել ստուգման տրված 2 շիշ կաթից միայն մեկում` այն դեպքում, երբ այդ երկու շշում էլ կաթ լցվել է նույն տարայից:
Միաժամանակ ընկերության տնօրենը ընդունեց Սննդի անվտանգության ծառայության կողմից առաջ քաշված մյուս թերացումները` կաթի արտադրամասի անբարեկարգ վիճակը, բացի կաթից` մյուս արտադրատեսակները չեն ունեցել համապատասխան սերտիֆիկատներ և տեխնիկական պայմաններ, արտադրամասի մուտքն անմիջապես դրսից էր` բացակայում էր նախամուտքը, ընկերությունը չունի լաբորատորիա և այլն: