Այսօր լրագրողների ներկայությամբ ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Էդվարդ Անտինյանը և Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ստորագրեցին միավորման հուշագիր:
Հ. Ավետիքյանը նշեց, որ մեր երկու կուսակցությունների միջև հուշագիր ենք ստորագրում, որով սկսվում է միավորման ուղղությամբ գործընթացը: «Այսօր մեզ համար տոնական, ուրախալի օր է, որովհետև Հայաստանում արդեն տևական ժամանակ է, որ Ռամկավար-Ազատական կուսակցության գաղափարակիրները պառակտված վիճակում են, ինչն անհանդուրժելի է»,- մեկնաբանեց Հ. Ավետիքյանը`հավելելով, որ սա նոր ուղու սկիզբ է:
Ըստ Անտինյանի` կուսակցության անունը դեռ որոշված չէ, քանի որ դա միասնաբար պետք է կայացվի`հաշվի առնելով նաև կուսակցության Սփյուռքի ներկայացուցիչների կարծիքը: Հ. Ավետիքյանը վստահեցրեց, որ որևէ մեկի կարծիքը չի անտեսվելու:
Լրագրողների հարցին` արդեն որոշվա՞ծ է ընտրություններին միասնաբար մասնակցության հարցը, Ավետիքյանը պատասխանեց` դեռ ոչ: Նա նաև ասաց, որ Հայաստանում կան լիբերալ դեմոկրատական կուսակցություններ, որոնց հետ համագործակցության հարցի քննարկումը դեռ չի ավարտվել: Ասուլիսի ավարտին հյուրերը, բանախոսները նշեցին երկու կուսակցությունների միավորումը: