Ինչպես հայտնում են վրաստանյան գործակալությունները, ավարտվել է Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի աշխատանքային այցը ԱՄՆ: Պետնախարարի մամուլի ծառայության համաձայն` իր այցի ընթացքում վերջին հանդիպումը Բարամիձեն անցկացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը: «Նշվել է, որ Վրաստանի ապաօկուպացման համար հարկավոր է ձեռնարկել գործուն դիվանագիտական ու քաղաքական քայլեր: Ընդգծվել է նաեւ վրացական տարածքների ապաօկուպացման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատում մշակված բանաձեւի նախագծի կարեւորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ Բարամիձեի աշխատանքային այցը մեկնարկել Էր մեկ շաբաթ առաջ: Այցի ընթացքում հանդիումներ են կայացել այդ երկրի ղեկավարության, ոչ կառավարական հատվածի եւ ակադեմիական շրջանների ներկայացուցիչների հետ: