ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին Վիեննայում մեկնարկեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) 14-րդ գլխավոր համաժողովը, որը գումարվում է երկու տարին մեկ:
Գլխավոր համաժողովը կազմակերպության գերագույն օրենսդիր մարմինն է և բաղկացած է 174 անդամ երկրներից:
Այս տարվա համաժողովը կրում է «Նոր արդյունաբերական հեղափոխություն. դարձնենք այն կայուն» խորագիրը:
Համաժողովին բացման խոսքով ելույթ են ունեցել Ավստրիայի Դաշնային փոխվարչապետ Միխայել Շպինդելեգերը, UNIDO-ի գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան, մի շարք նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և այլք:
Նոյեմբերի 30-ին գլխավոր համաժողովում ելույթով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը:
Վերջինս իր ելույթում անդրադարձել է աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի արդյունաբերական զարգացման ծրագրերին, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերին, մասնավորապես` սկսնակ ձեռներեցների, խոցելի և փախստականներով բնակեցված համայնքների օժանդակության ծրագրերին, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արդյունաբերության ոլորտներում առավել մաքուր արտադրությունների զարգացման և կիրառման ծրագրերին, վերջերս Հայաստանում բացված UNIDO-ի Արդյունաբերական զարգացման կենտրոնին:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև դեկտեմբերի 2-ը: