Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված թեստերի արդյունքները էականորեն տարբերվում են 9-րդ դասարանների ավարտական քննությունների արդյունքներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ իրենց անցկացրած արտաքին գնահատման թեստերը բարդության առումով չեն տարբերվել 9-րդ դասարանների ավարտական թեստերից, սակայն գնահատականները էականորեն ավելի ցածր են ստացվել, քան թե 9-րդի ավարտական քննության գնահատականներն էին: Սա Գ. Խաչատրյանը պայմանավորեց նրանով, որ ավարտական քննություններին ուսուցիչները օգնում են երեխաներին, որպեսզի նրանք չստանան տարվա ընթացքում իրենց նշանակած գնահատականից ցածր գնահատական: Արտաքին գնահատման արդյունքները հետևյալներն են. 10 բալանոց համակարգում «հայոց լեզու» առարկայից միջին գնահատականը հանրապետությունում կազմել է 4.2 միավոր, ընդ որում՝ Երևանում այն կազմել է 4.2, իսկ Տավուշում 4.7, Սյունիքում` 4.6 միավոր: Ամենացածրը Արմավիրի մարզում է եղել` 3.9: Բավարար գնահատականը 4 միավորն է: Մաթեմատիկայի միջին գնահատականը եղել է 4 միավոր, Երևանում` 4.1 միավոր, Լոռու մարզում` 4.3, Արմավիրում` 3.5 միավոր: «Հայոց լեզու» առարկայից բացասական գնահատական է ստացել աշակերտների 25%-ը, մաթեմատիկայից` 35%-ը: