Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Որ այս երկրում առ այսօր փոփոխություններ չեն եղել` մեղավորը Կոնգրեսն է. Արամ. Զ. Սարգսյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, Կոնգրեսի վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ նշեց, որ Կոնգրեսի ներսում կոնսենսուս չի եղել` Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ հնարավոր համագործակցության հետ կապված: Նախ, կուզենայի այդ առաջարկը գնահատեիք, և մասնավորապես Դուք, Ձեր կուսակցությունը պատրա՞ստ է ընդունել այդ առաջարկը:

– Միշտ չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Կոնգրեսում ներգրավված կուսակցությունների, քաղաքական գործիչների տեսակետները համընկնում են: Լինում են լուրջ բանավեճեր, տարակարծություններ, բայց վերջիվերջո գալիս ենք ընդհանուր հայտարարի, կոնսենսուսի: Սա այն եզակի դեպքերից էր, որի շուրջ կոնսենսուս չկար: Բայց Տեր-Պետրոսյանը նպատակահարմար գտավ իր մասնավոր տեսակետը ձևակերպել, և դա որպես քաղաքական վերլուծություն ներկայացրեց: Մենք մեր մոտեցումները, մեր մտավախությունները Լևոն Տեր-Պետրոսյանին հայտնել ենք: Ներկա դրությամբ թե՛ հերթական ընտրությունների մասին խոսք բացելը, թե՛ դաշինքները որևէ կուսակցության հետ՝ անկախ նրանից, թե որ անհատը կամ կուսակցությունն է ներկայացնելու` դեմ ենք եղել, համարել ենք ժամանակավրեպ: Մենք գտնում ենք, որ Կոնգրեսը ունի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական աջակցության այն պոտենցիալը, որ միայնակ, իր ուժերով կարող է հասնել փոփոխությունների: Ես չեմ բացառում նաև, որ փոփոխությունների ալիքի վրա մեզ միանան Հանրապետական կուսակցությունը, որտեղ կան նորմալ մարդիկ, որոնք հասկանում են, որ երկրում փոփոխություններ են պետք:

Ես կուզենայի խնդրին նայեինք ոչ թե մոտեցումների տարբերությունների առումով, այլ փոփոխությունների հասնելու իրական հնարավորությունների և այդ փոփոխություններին հասնելու՝ յուրաքանչյուր քաղաքական ուժի մոտեցման առումով: Մենք` Հանրապետություն կուսակցությունը, նպատակահարմար չենք գտնում այսօրվա այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել Կոնգրեսում, և մենք արտահայտվել ենք, բարձրաձայնել ենք մամուլում: Այո՛, մենք ունենք տարաձայնություններ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ առումով, բայց բազմաթիվ այլ հարցերում մենք ունենք ընդհանրություններ Հայ ազգային կոնգրեսի հետ, և գտնում ենք, որ սա այն ուժն է, որն ի զորու է իր շուրջը համախմբել: Առավել ևս՝ գործընթացները, որը պիտի ծավալի Կոնգրեսը, Լևոն Տեր-Պետրոսյանի նշած ուղղությունների հետ դեռ չեն կապվում: Հիմնական պոտենցիալը դրվում է գարնանը Կոնգրեսի ուժը մոբիլիզացնելով` հզոր ալիք նախապատրաստելու վրա: Մենք հակված ենք լծվելու այդ գործին:

– Պարոն Սարգսյան, վերջերս Աշոտ Մանուչարյանը կարծիք հայտնեց, թե Հայ ազգային կոնգրեսում գոյություն ունեն պրոռուսական և արևմտամետ թևեր: Կարելի՞ է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին առաջարկը` ուղղված ԲՀԿ-ին, վկայությունն է այն բանի, որ Կոնգրեսում պրոռուսական թևն է առավել դոմինանտ:

– Կոնգրեսը ձևավորվել է մի խնդրի շուրջ` երկրում օրինական իշխանություններ ձևավորել և արդար ընտրություններ կազմակերպելով` սահմանադրական կարգը վերականգնել: Սրա շուրջ Կոնգրեսում ներգրավված ուժերը ունեն նույն տեսակետը և առ այսօր պայքարել են այդ խնդրին հասնելու համար: Որքանով արդյունավետ, որքանով անարդյունավետ` գնահատողը ժողովուրդն է: Անձամբ ես մեր գործունեությունը գնահատում եմ արդյունավետ, քանի որ դրական գործընթացները ավելի շատ են եղել, քան բացասականը, ինչի համար մեզ ժողովուրդը քննադատում է արդարացի` մենք պետք է աշխատենք դրանից հետևություններ անել:

Ես չէի ասի, որ որևէ ուղղության տեսակետները արհամարհվում են: Յուրաքանչյուր ուղղություն ասում է իր տեսակետը, և այս հարցում էլ երբեք Կոնգրեսում կոնսենսուս չի եղել, և շատ լավ է, որ չի եղել: Ինձ ոչ ոք չի մեղադրել, երբ ես, օրինակ, 49 տարով հայ-ռուսական ռազմավարական պայմանագրի երկարաձգումը բացասական եմ գնահատել, դրա վերաբերյալ խոսել եմ հանրահավաքում, ասել եմ, որ 49 տարի մենք կախվածության մեջ ենք մնալու թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, սակայն Կոնգրեսի առաջնորդը այլ տեսակետ է հայտնել: Սա մեզ հակադրության մեջ չի դնում` այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանի վերջին քաղաքական վերլուծությունը, որը իմ տեսակետին հակառակ է, չեն հակադրվում իրար, որովհետև մենք մեկ խնդիր ունենք` երկրին բերել փոփոխություններ: Ով և ինչ մոտեցումներով` դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի: Բայց որ ուժը որքանով նպատակահարմար կհամարի` դա արդեն խնդրի այլ կողմն է: Այսինքն` ի տարբերություն իշխանությունների, Կոնգրեսում միշտ եղել է բազմակարծություն, և այդ բազմակարծությունը չի խանգարել Կոնգրեսին միասնական հանդես գալ: Որոշումները մեկ կետից չէ, որ ասվել են, իսկ այն ուժերը, որոնց կարելի է արևմտյան ուղու ջատագովներ համարել` ասել են իրենց տեսակետները, և որևէ քննադատություն կամ խնդիր դրանք չեն առաջացրել Կոնգրեսի ներսում: Իմ կարծիքով` այդ երկու տեսակետների բանավեճերն են, որ հանգեցնում են միջինին: Ցավոք, նման բան իշխանությունների ներսում 2000 թվականից հետո չկա: Գործընթացները, որ տեղի են ունենում ԱԺ-ում, կառավարությունում` հիշեցնում են սովետական տարիները, սովետական քվեարկությունները:

– Պարոն Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի առաջարկից հետո` կարևոր հարցը, որը հետաքրքրում է հասարակությանը, այն է, թե ի՞նչ կշահի Կոնգրեսը: Կոնգրեսում կա՞ մտավախություն, որ այդ առաջարկը կարող է նպաստել, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բարձրանա, ապա համագործակցությունը չկայանա. այդ դեպքում Կոնգրեսը ի՞նչ պետք է անի:

– Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջարկել այդ համագործակցությունը իրականացնել հիմա: Նա բազմաթիվ պայմաններ է դրել, և Կոնգրեսի ներսում այդ մոտեցումները, որոնք կան Կոնգրեսի գործունեության հետ կապված, տարբեր են: Տեր-Պետրոսյանը դա որպես քաղաքական վերլուծություն է ներկայացրել, և դրա հիմքում դրել է բազմաթիվ «եթե»-ներ: Ես իսկապես հակված չեմ քննարկելու որևէ անհատի, որևէ կուսակցության գործունեություն, առավել ևս, որ այդ կուսակցությունները Կոնգրեսի, Հանրապետություն կուսակցության մասով չեն արտահայտվել: Ես ընդհանուր իրավիճակ եմ քննարկում: Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես կարող ենք հասնել փոփոխության: Ես ունեմ իմ մոտեցումը և իմ մոտեցումը հիմնավորել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդունե՞լ է Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ՝ դա իր իրավունքն է, ինքը ներկայացրել է իր մոտեցումը, ինքը այդ իրավունքը ունի, որովհետև նա Կոնգրեսի առաջնորդն է: Ես նպատակահարմար չեմ համարում իմ մոտեցումները հասարակությանը ներկայացնել, որովհետև իմ մոտեցումները թե՛ Կոնգրեսում, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին ամբողջությամբ ներկայացրել եմ:

Ես տեսնում եմ, որ երկրում կա փոփոխությունների հասնելու երեք տարբերակ: Առաջինը` ընտրությունների միջոցով իշխանությունները փոխելն է: Այս տարբերակին Հայաստանում արդեն որևէ մեկը չի հավատում, ներառյալ իշխանությունները, նրանք համոզված են, որ արդար ընտրությունների պարագայում իրենք չեն կարող վերարտադրվել և այսօրվանից մտածում են բազմաթիվ տարբերակներ` ընտրությունները անարդար կազմակերպելու համար, սկսած նախընտրական շտաբի ձևավորումից, դպրոցներում կուսակցական տոմսեր բաժանելը և այլն: Երկրորդ տարբերակը` իշխանությունների հետ ընդհանուր իրավիճակը գնահատելով, երկրի առջև ծառացած պրոբլեմները լրջորեն գիտակցելով, իշխանության հետ ծանրութեթև անելով` հետևության հանգելն է, որ երկրում փոփոխություն է պետք: Այդ փոփոխությանը հասնելու ուղիներ պետք է մտածել միասնաբար և գիտակցել, որ միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են: Այս տարբերակը փորձեցինք երկխոսության միջոցով, բայց իշխանությունը մերժեց: Այդ դեպքում մնում է երրորդ տարբերակը. դա ընդունված է համարել հեղափոխական տարբերակ: Այսինքն` հասարակական լայն զանգվածները հավաքվում են հրապարակում և ճնշում են իշխանություններին իրենց գործողություններով, որ նրանք հրաժարական տան: Այս գործընթացների ականատեսը մենք դարձանք թե՛ արաբական աշխարհում, թե՛ Հայաստանում` 1988-89 թթ.., 1990-ականներին` արդեն անարյուն ձևով, և սա ընկալելի տարբերակ է: Մենք հակված ենք հենց այս տարբերակին, քանի որ նախորդ երկու տարբերակները արդեն իսկ փորձարկել ենք, և ձեր թերթին տված հարցազրույցում ես ասել էի, որ հակված ենք ընտրությունները հաղթել մինչև ընտրությունները, հակառակ դեպքում կմնանք նույն փակ շրջանի մեջ` հետընտրական գործընթացներով, դատարաններով, ՍԴ-ով, որը ոչինչ չի տա:

Այսինքն` վերջին տասը տարիներին ընտրական գործընթացներում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը իր գործելակերպը չի փոխել, երկուսս էլ նույն փակ շրջանի մեջ ենք: Իշխանությունը ապացուցեց, որ չի պատրաստվում փոխվել, հետևաբար մենք պիտի փոխվենք: Գարնանը մենք մեծ հնարավորություններ կունենանք և պիտի օգտագործենք այդ հնարավորությունը: Ես չեմ կարող ասել, որ եթե գարնանը մեր ճիշտ աշխատելու դեպքում, ինչում համոզված եմ, որ եթե ճիշտ աշխատենք` Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, Կոնգրեսի բոլոր ուժերի մասնակցությամբ բոլոր մարզերում ունենանք հանդիպումներ, հետո մարդկանց որևէ մի օր հրավիրենք հրապարակ, ի՞նչ քաղաքական ուժեր կմիանան մեզ: Գուցե հրապարակ գան ՀՀԿ պատգամավորները ու հրապարակում հայտարարեն, որ երկիրը այս վիճակում թողնել հնարավոր չի… Այդ ժամանակ մենք, իհարկե, չենք փակելու ճանապարհները ու ասենք` գիտեք ինչ, դուք, օրինակ` ՕԵԿ անդամ եք, և մենք ձեզ թույլ չենք տալիս հրապարակում ելույթ ունենալ… Ոչ: Մենք համարում ենք, որ քաղաքական բոլոր ուժերի մեջ էլ կան ժողովրդի ներկայացուցիչներ, հայ մարդիկ, որոնք մտածում են այս երկրի մասին, պարզապես քաղաքական պատեհությունից կամ նպատակահարմարությունից ելնելով` իրենց հեռու են պահում այս գործընթացներից: Ուստի ես համարում եմ, որ Կոնգրեսը բաց է բոլորի ուժերի համար, և այսօր խոսել ինչ-որ կոնկրետ ուժի մասին, որ այս ուժը կարող է մասնակցել, մյուսը` ոչ, դա ես ընկալում եմ որպես զուտ քաղաքական վերլուծություն:

Ինչ վերաբերում է արևմտյան ուղղվածությանը, ապա ասեմ, որ ես և Հանրապետություն կուսակցությունը չենք կիսում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերլուծությունը, բայց իշխանափոխությանը ուղղված մնացած բոլոր խնդիրների առումով ոչ միայն կիսում ենք, այլև ես անձամբ սովորելու շատ բան եմ ունեցել նրանից: Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ լուրջ անելիքներ ու ասելիքներ ունի:

– Պարոն Սարգսյան, Գագիկ Ծառուկյանը իշխանություններին մաս է կազմում, նա քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներից մեկն է, բնականաբար, Սերժ Սարգսյանը նրանից ոչնչով չի տարբերվում: Եթե այս վերջին զարգացումները դիտարկենք «խաղի» առումով, չե՞ք կարծում, որ Սարգսյանը և Ծառուկյանը կարող են համաձայնության գալ, իսկ այդ պարագայում հասարակությունը և Կոնգրեսը կորուստներ կունենան:

– Ես կարծում եմ, որ նրանք առ այսօր համաձայնության մեջ են, և դա ապացուցում է կոալիցիոն փաստաթուղթը, որը ստորագրել են: Քանի կոալիցիոն կուսակցություններից որևէ մեկը չի հայտարարել, որ ինքը այդ կոալիցիայի մաս չի, ես հակված չեմ մտածել, որ նրանք միասնական չեն: Այս պարագայում քաղաքական վերլուծություն անելու, «եթե»-ներով առաջնորդվելու անհրաժեշտություն չկա: Իրենք նույն պատասխանատվությունն են կրում երկրում տիրող իրավիճակի համար:

Ես չեմ ասում, որ Կոնգրեսը պատասխանատվություն չի կրում, Կոնգրեսը փորձել է իր պոտենցիալի, իր ներուժի, հնարավորության սահմաններում անել ամեն ինչ` փոփոխությունների համար: Որ երկրում փոփոխություններ չեն եղել առ այսօր` մեղավորը Հայ ազգային կոնգրեսն է իր քաղաքական որոշումներով: Ժողովուրդը իր մասնակցությունը միշտ բերել է, սա հրաշալի ժողովուրդ է, պատրաստ ժողովուրդ է, և ես համոզված եմ, որ այս ժողովուրդը զարմացնելու է թե՛ Հայ ազգային կոնգրեսին, թե՛ գործող իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում