Թուրքական Doğan լրատվական գործակալությունը, վկայակոչելով եգիպտական «Ալ-Ռայ Ալ-Արաբի» թերթը, հայտնում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդուլջելիլը 600 լիբիացի զինվոր է ուղարկել Սիրիա՝ ընդդիմությանն օգնելու համար։ Նրանք Սիրիա են մտել Թուրքիայի տարածքով և մարտնչելու են սիրիացի ընդդիմադիրների կողմից, նաև ռազմական փորձ են ուսուցանելու նրանց։
Նշվում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչած առաջին կառավարությունն է։
Հիշեցնենք, որ առավել վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը թուրքական կողմին մեղադրել էր սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մեջ։ Բացի այդ, Սիրիայում ձերբակալվել էին Թուրքիայից ժամանած գրոհայինների խմբեր։