Նախիջևանում անցկացվել են Ադրբեջանի զինված ուժերի` ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժություններ: Trend գործակալության փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում ցուցադրվել են սահմանապահ զորքերի ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող հրազենային զինատեսակները, օպտիկական սարքերը, Ադրբեջանի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված զենքը, ինչպես նաև կառավարվող հրթիռների «Կոռնետ» համակարգը, որը, ադրբեջանական աղբյուրի վկայությամբ, ի վիճակի է ոչնչացնել զրահատեխնիկան մինչև 5 կիլոմետր հեռավորության վրա` թե՛ ցերեկը և թե՛ գիշերը:
Զորավարժությունները, որոնց անցկացման կոնկրետ ժամկետներ ադրբեջանական գործակալությունը չի նշում, ավարտվել են ուղղաթիռից թռիչքով` Ադրբեջանի պետական դրոշի գույներով պարաշյուտներով: Trend-ի վկայությամբ` զորավարժությունների ժամանակ բոլոր առաջադրված նպատակները իրականացվել են: