Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիի Radisson BLU Iveria հյուրանոցում տեղի է ունենալու հայ-վրացական գործարար ֆորումի բացումը, որին մասնակցելու են Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին։
Բացի այդ, պլանավորված է, որ այսօր Սերժ Սարգսյանը հանդիպելու է Վրաստանի հայ համայնքի հետ և այցելելու է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական եկեղեցի։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել երեկ։ Իր վրացական այցի առաջին օրը նա հանդիպումներ է ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավթի Բաքրաձեի և Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ։