Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը և նվագախմբի գեղղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին, թե ինչպիսին էր 2010-ը նվագախմբի համար:
«Չնայած նվագախմբի տարին հաշվում են սեպտեմբերից մինչ օգոստոս, ոչ թե հունվարից հունվար, բայց փորձենք հիշել, թե ինչպիսին էր 2010-ը մեզ համար: Մինչև հիմա ունեցել ենք մեր կանոնավոր երաժշտական ծրագրերը: Սեպտեմբեր ամսին ունեցանք երևանյան 4-րդ փառատոնը: Նշանակալից էր նաև Պլասիդո Դոմինգոյի` նվագախմբի հետ համերգը»,- նշեց Էդուարդ Թոփչյանը:
Թոփչյանը խոսեց նաև նվագախմբի խնդիրների մասին՝ ասելով, որ տարվա հիմնական խնդիրը ֆինանսն է. «Ֆինանսների պատճառով նվագախմբի երաժիշտների մեծ արտահոսք է սկսվել: Մեր նվագախմբի 4 չտեսնված երաժիշտներ հեռացել են մեզանից: Եթե շտապ միջոցներ չկիրառվեն, հեռացողների թիվը կավելանա»: