Կառավարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՌԴ ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխավորությամբ:
«Վստահ եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար են, որոնք նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը և առկա խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակմանը, այլև համագործակցության խորացմանը և մեր պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչն ամենակարևոր քայլերից է»,- նշել է վարչապետը:
Նիստի մասնակիցները նշել են, որ առկա են ԱՊՀ անդամ-պետությունների միջև շինարարական բնագավառի զարգացման համար հնարավոր բոլոր նախապայմանները:
ՌԴ ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մշակված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է լիցենզավորման, ատեստավորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կնպաստի համակարգային հարցերի լուծմանը:
Տ. Սարգսյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և զարգացման ռազմավարական գործողությունների իրականացումը:
Վարչապետը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում դեռևս խորհրդային ժամանակներից կառուցված բնակֆոնդի վերականգնման և վերջինիս սեյսմակայունության ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նոր մեխանիզմներ և ծրագրեր: