2011 թվականից Վրաստանն ուշադրությունը կկենտրոնացնի «Օկուպացված տարածքների նկատմամբ ռազմավարության» իրականացման ուղղությամբ կառավարության գործողությունների ծրագրի վրա,- հայտարարել է հանրապետության վերաինտեգրացման հարցերով պետնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
«Դա դյուրին չի լինելու, բայց պարտադիր գործընթաց է»,- ասել է Տկեշելաշվիլին եւ հավելել. «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի միջազգային հանրակցության հետ միասին սահմանենք գործողությունների ծրագրի իրացման մեխանիզմները»:
2010 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունը հաստատել է «Ռազմավարությունն օկուպացված տարածքների նկատմամբ. ներգրավում համագործակցության ճանապարհով» փաստաթուղթը, որը հակամարտության գոտիների տարածքների եւ բնակչության վերաինտեգրում է նախատեսում բացառապես խաղաղ ճանապարհով: Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ակտիվ քաղաքականություն վարել, որպեսզի այնտեղ ապրող բնակչությունը հնարավորություն ունենա ստանալ նորմալ կրթություն, բուժսպասարկում, ընդգրկվի տնտեսական ու մշակութային նախագծերում: