Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն` Թբիլիսիում հիմնվել է «Կոալիցիա եվրոպական Վրաստանի համար» միավորումը, որի կազմում ընդգրկվել են 52 ոչ կառավարական կազմակերպություններ:
Կոալիցիայի անդամները Եվրոպայի տանը ստորագրել են կազմակերպության հռչակագիրը, որում ասված է, որ այն պաշտպանում է եվրոպական արժեքները:
Նոր միավորումը նպատակ ունի երկրում հաստատել եվրոպական արժեքներ եւ ոչ կառավարական հատվածն ակտիվորեն ներգրավել Վրաստանի եւ Եվրամիության բանակցություններում: «Մենք ստեղծում ենք կոալիցիա, քանի որ Վրաստանն իր անցյալով ու ապագայով եվրոպական քաղաքակրթության բաղադրիչն է: Մենք պաշտպանում ենք եվրոպական արժեքները` մարդու, կապիտալի, արտադրանքի եւ սպասարկման ազատությունը»,- ասված է հռչակագրում:
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Թոռնիկե Գորդաձեն ողջունել է նոր կոալիցիայի ստեղծումը. «Եվրոպայի հետ փոխհարաբերությունները իրականացվում են ոչ միայն պետությունների, այլեւ քաղաքացիական հասարակության մակարդակով: Այդ կազմակերպությունը կնպաստի հանրային սպեկտրի դիվերսիֆիկացմանը»,- նշել է նա: